Կառուցող վարպետներ


ՇԻՆԱՐԱՐ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

 «Շիրակի վարպետների ստեղծագործական մտքի սլացիկության ու ճաշակի նրբության մասին վաղուց գիտեին ոչ միայն հայերը, այլև հարևան ժողովուրդները: Դրա ապացույցն են նրանց վեհաշուք ստեղծագործությունները»:
«Գյումրիում, քաղաքի մյուս բնակչության համեմատությամբ, արհեստավորները զբաղեցրել են առաջին տեղը, բայց նրանց մեջ հատուկ հարգանք են վայելել քարգործները` որմնադիրներն ու քարտաշները, իրենց արհեստի մասսայական բնույթի շնորհիվ: Քաղաքի տների կողքին այսօր էլ դեռ մնում են Ալեքսանդրապոլի եկեղեցիները: Դրանցից ամենամեծը Ամենափրկչի եկեղեցին է` կառուցված 1859-1873 թթ. Անիի մայր եկեղեցու ոճով: Այն կառուցել են տոհմիկ որմնադիր վարպետներ Պապիկ Կարապետյանը (Բատաշոյանց) և Թադևոս Կարապետյանը (Անտիկյանց)` Արդար Մանուկի ղեկավարությամբ: Ըստ ականատեսների Արդար Մանուկը արհեստով հյուսն էր, բայց չափազանց գիտակ ճարտարապետության հարցերում: Նա շաբաթը մեկ անգամ գնացել է Անի, տեղում ընդօրինակել Կաթողիկեի ճարտարապետական ձևերը և փոխադրել Ալեքսանդրապոլ:»
«Գյումրիում հայտնի էին նաև սառվազ` հյուսն, վարպետները, որոնք լավ տիրապետում էին Սարիղամիշի և Գելվա անտառների փայտի մշակման տեխնոլոգիային: Այդ շինափայտերից պատրաստում էին դռների ու լուսամուտների փեղկեր, առաստաղների ու պատշգամբների զանազան զարդաքանդակներ, կենցաղային օգտագործման իրեր և գործիքներ:  Գյումրիի XVIII-XIX դդ. ժողովրդական բնակելի տների շինարարական աշխատանքներում մեծ մասնակցություն էին ունենում նաև դարբինները: Դարբնային արհեստն իր ցայտուն արտահայտությունն է գտել XIX դարի բնակելի տների տարբեր մանրամասներում ու ճարտարապետական ձևերում:»

Սարգիս Մաթևոսյան, «XVIII-XIX դդ. Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը» Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985 թ., էջ 77-80

zzzz

«Գաղտնիք չէ, սակայն, որ Ալեքսանդրապոլը հիմնականում եղել է արհեստավորական քաղաք, որտեղ զարգացող արհեստների թիվն անցնում էր հարյուրից: Դրանք համաձույլ էին քաղաքի կառուցապատման ընթացքին։ Գյումրեցի վարպետների կառուցած յուրաքանչյուր շենքի վրա թե՛ ճարտարապետի, թե՛ շինարարի, թե՛ երկաթագործի ու փայտագործի աշխատանքի դրոշմը կա: Մինչ այսօր էլ աչք են շոյում շենքերի բազմաշերտ քիվերը, երկաթակուռ դարպասները, լուսամուտների փայտե երեսակալները: Հետաքրքիրն այն է, որ գեղեցիկի բոլոր օրենքներով կառուցվել են ոչ միայն թանգարաններն ու հասարակական շինությունները, այլև սովորական բնակելի տները: Ու չնայած իրենց արտաքին-ոճային բազմազանությանը՝ դրանք ներքին մի միասնություն են կազմում։»
«Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը ինքնատիպ է ու գրավիչ: Դրանում տարրեր կան թե՛ ռուսական քաղաքաշինությունից, թե՛ եվրոպական կլասիցիզմից ու նեոկլասիցիզմից, թե՛ XX դարի սկզբի մոդեռնիզմից և թե՛ խորհրդային կոնստրուկտիվիզմից: Գյումրեցի արհեստավորները, սակայն, դրանք այնպիսի վարպետությամբ են համադրել ու տեղայնացրել, որ ստեղծել են ազգային բնիկ միջավայր: Այդ գեղեցիկ միջավայրն էլ իր հերթին կրթում է մարդու հոգին, գեղագիտորեն դաստիարակում նրան, օժտում արվեստագետի հայացքով:»

Լևոն Լաճիկյան, «Հայաստանի աղը՝ Գյումրին», «Սիվիլնեթ»  09. 12. 2012 

y