Սարգիս Մաթեվոսյան

Շիրակի, մասնավորապես Գյումրիի ժողովրդական ճարտարապետության մեծավաստակ հետազոտող
Շիրակի, մասնավորապես Գյումրիի ժողովրդական ճարտարապետության մեծավաստակ հետազոտող

«Այստեղ կան հայկական դասական կոթողներին համարժեք կառուցվածքներ, որոնք ճարտարապետական մտահղացմամբ սերտ կապ ունեն միջնադարյան հայ մշակույթի, հատկապես Անիի ճարտարապետության հետ և ներկայացնում են նրա շարունակությունը մեր օրերում:»

Սարգիս Մաթևոսյան. «XVIII-XIX դդ. Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը» Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985 թ., Էջ 5

Շահութաբեր բնակելի տան բակի ճակատՇահութաբեր բնակելի տան բակի ճակատ


Ծածկված բակով կոմպլեքս տուն (բակի ներքին տեսք)Ծածկված բակով կոմպլեքս տուն (բակի ներքին տեսք)


Բնակելի տների ճակատներ (չափագրություն)Բնակելի տների ճակատներ (չափագրություն)


Կոմպլեքս տան բակի ճակատԿոմպլեքս տան բակի ճակատ


 Ծածկված բակով կոմլեքս տուն (կտրվածք)Ծածկված բակով կոմլեքս տուն (կտրվածք)


ՔԱՂԱՔԻ XVIII-XIX ԴԴ. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Եզրակացություններ

«Գյումրիի հատակագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղաքի կազմավորման ժամանակ նրա կառուցապատման վրա ներազդող կարևոր գործոններից են ուսումնասիրվող ժամանակաշրջանի ավատական հասարակարգի կենցաղը, կրկնվող ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, ազգաբնակչության մի մասի` երկրագործության հետ ունեցած կապը, հետագայում կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, քաղաքի արհեստա-առևտրական պրոֆիլը: Այդ գործոնները, ինչպես նաև բնական պայմանները, որոշակի պատմական գործոնների հետ, ստեղծեցին քաղաքի ինքնատիպությունը, հաղորդելով նրան յուրօրինակ դեմք:
Ավատական հասարակարգի բնույթի հետ էր կապված հին Գյումրիի բնակավայրի հիմնադրումը, միջնադարյան բերդի և եկեղեցու կառուցումը: Ընդ որում բերդը 1836 թ. հիմնովին քանդեցին ռուսները և նրա տեղում հիմնեցին Ալեքսանդրապոլի ամրոցային կառույցները:Ալեքսանդրապոլ բերդը կառուցվել է որպես պաշտպանական միջոց: Բերդի մոտ գտնվող հին Գյումրի բնակավայրն ընդարձակելու և նրա շրջակայքում ազգաբնակչություն կենտրոնացնելու նպատակով Գյումրի ներգաղթած բնակչությանը տրվել են արտոնություններ, որոնց հետևանքով քաղաքը զարգացել է արագ տեմպերով:Եթե բերդը և պաշտպանական այլ կառույցներ ինչ-որ չափով առաջացել են քաղաքաշինական միաժամանակյա միջոցառումների հետևանքով, ապա բնակելի թաղերը շերտավորվել են աստիճանաբար, տարերայնորեն, բնակավայրի կազմավորման և կառուցապատման տեղական արմատացած ավանդույթներին համապատասխան: Թաղերի բաժանումը թելադրվել է առաջին հերթին սոցիալ-տնտեսական և ազգային հատկանիշներից: Թաղի, որպես քաղաքաշինական ավարտված միավորի, կազմավորմանը բացի բնակելի տներից, նպաստել են նաև եկեղեցիները, բաղնիքները, աղբյուրները և այլն:
Բերդի արագ զարգացումը և դրան զուգահեռ արհեստա-առևտրական հարաբերությունների աճն արդեն 1850-ական թվականերին Գյումրի բնակավայրը վերափոխեցին գավառային քաղաքի` կառուցապատված կանոնավոր հատակագծման սկզբունքով:
Չնայած փողոցների անհարթություններին (հիմնականում արևելքից-արևմուտք ձգվող փողոցները), նկատելի է նրանց կապը տեղանքի, գետակների հոսանքի և բնակլիմայական պայմանների հետ:
Ուսումնասիրությունից պարզվեց, որ Գյումրիի XVIII-XIX դարերի բնակելի տների ժողովրդական ճարտարապետության մեջ ձևաստեղծվել է տնամերձ հողամասի հատակագծման և կառուցապատման մեկ հիմնական տիպ` տնամերձ հողամասերի հատակագծման և կառուցապատման պարփակված կոմպոզիցիան` իր տարբերակներով, որոնցից յուրաքանչյուրի առանձնահատկությունը պայմանավորվել է տանտիրոջ ունևորության աստիճանով, հետևաբար և հողամասի չափերով կամ, ավելի ճիշտ, որոշակի չափեր ունեցող հողամասում տան բաժինների առավել հարմար դասավորությամբ: Համակցելով կենցաղային առօրյա պահանջմունքները հարմարավետության և տնտեսվարության, ինչպես նաև գեղարվեստական պահանջների հետ, առանձին տնամերձեր որոշ դեպքերում տվել են ճարտարապետական կոմպոզիցիոն լուծման հետաքրքիր օրինակներ:Տներն ունեցել են բարեկարգ տնտեսական բակ, որի մի մասը զբաղեցրել է պարտեզն իր ջրհորով, ջրավազանով, աղբյուրով: Բոլոր դեպքերում տնտեսությունը փողոցից և հարևաններից մեկուսացվել է պարիսպներով: Բնորոշ մի առանձնահատկություն, որով Գյումրիի բնակելի տները տարբերվում են Հայաստանի մյուս շրջանների բնակելի տներից:»

Սարգիս Մաթևոսյան. «XVIII-XIX դդ. Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը» Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985 թ., Էջ 22

 

XVIII-XIX ԴԴ. ԳՅՈՒՄՐԻԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ամփոփում

«Կատարելով Գյումրիի բնակելի տների ժողովրդական ճարտարապետության հուշարձանների ուսումնասիրությունը և վարպետների ստեղծագործական փորձի ընդհանրացումը, կարելի է հանգել հետևյալ հետևություններին.
1. Գյումրիի XVIII-XIX դդ. ժողովրդական տան ճարտարապետական ժառանգությունը հայկական մշակույթի բաղկացուցիչ մասն է և մինչ այժմ համեմատաբար քիչ ուսումնասիրված բնագավառներից մեկը:
2. Մի շարք յուրահատուկ գործոնների և հատկապես բնակլիմայական առանձնահատուկ պայմանների շնորհիվ Գյումրիի բնակելի տներն իրենց բնորոշ գծերով տարբերվում են Հայաստանի մյուս շրջանների բնակելի տների ճարտարապետությունից:
3. Ուսումնասիրությունից պարզվում է, որ քաղաքում տարածված են եղել երկու հիմնական տիպի` գյուղատիպ և քաղաքատիպ բնակելի տներ, իենց տարբերակներով: Գյուղական տիպի բնակելի տները սկզբում եղել են գետնափոր, ապա կիսագետնափոր և կոմպլեքս տներ` ծածկված բակով: Փաստորեն գետնափոր տան ուղղանկյունաձև պարզ բջիջն, ապրելով զարգացման պատմական բարդ ուղի, ընդունում է կիսագետնափոր, ապա կոմպլեքս տուն` ծածկված բակով սխեման: Ըստ իրենց հատակագծային լուծումների դրանք շատ ընդհանուր գծեր ունեն Վանի ժայռափոր և հայկական հնագույն շրջանի տների հետ:
Քաղաքատիպ բնակելի տներն իրենց զարգացումն են ապրել գյուղական տիպի տների հիման վրա և ստացել են մեկ կամ երկու հարկանի տների սենյակների միաշար և երկշար դասավորություն:
4. Հին հայկական բնակելի տան մյուս տիպը` գլխատունը, իր փայտագմբեթ հազարաշեն ծածկով, հարմարեցվել է տեղի պայմաններին և ձեռք բերել կոմպլեքս տուն` ծածկված բակով կոմպոզիցիա: Սրա բնակելի և օժանդակ սենյակները համախմբվել են մի ընդհանուր ծավալի մեջ, կենտրոնացվել ծածկված բակի շուրջը, որի միջոցով և իրականացվել է միմյանց հետ ունեցած փոխադարձ կապը:
5. Նկատի ունենալով Գյումրիի ռազմական նշանակությունը Հայաստանի հարավային սահմաններում, ցարական կառավարությունը քաղաքին տվել է որոշակի արտոնություններ, որոնց հետևանքով արագ կերպով զարգացել է քաղաքային տնտեսությունը:
Քաղաքի կառուցման վրա նշանակալի չափով ազդել է նաև ռուսական քաղաքաշինության առաջավոր կուլտուրան, որի շնորհիվ նախկինում տարերայնորեն կառուցապատված Գյումրին վերափոխվել է ուղիղ փողոցների` խաչաձև հատվող ցանցաձև սխեմայով հատակագիծ ունեցող քաղաքի:
6. Գյումրիի բնակչության սոցիալ-տնտեսական շերտավորումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել բնակավայրի ձևաստեղծման ու կառուցապատման հարցերում: Ազգագրական տեսակետից քաղաքը ներկայացնում էր չափազանց բազմագույն պատկեր, բաժանված էր բնակելի թաղամասերի (մահլաների), որոնց բնակիչները տեղաբաշխված էին առևտրական, արհեստակցական, ազգային և այլ հատկանիշներով ու ազգակցական կապերով:
7. Շինարարական փայտի բացակայությունը և բնական քարի (բազմագույն տուֆ) առատությունը պայմանավորել է քարի լայն կիրառումը բնակելի և հասարակական շենքերի կառուցապատման մեջ, որը և որոշիչ դեր է կատարել քաղաքի ճարտարապետության ընդհանուր կերպարի կազմավորման խնդրում:
8. Նյութական միջոցների աճին զուգընթաց XIX դարի երկրորդ կեսից նկատվում են բնակարանի կազմում որոշակի փոփոխություններ` սենյակների շերտավորում և շենքի ներքին ծավալատարածական լուծումների բարդացում: Կառուցվում են մեկ և երկու հարկանի բնակելի տներ, որոնց առաջին հարկը հատկացվում է պահեստների, արհեստանոցների, խանութների և այլ նպատակների, իսկ երկրորդ հարկն ամբողջությամբ ծառայում է բնակելի կարիքների: Առանձնացվում են ննջասենյակներ, հյուրասենյակներ:
9. Քաղաքային տնտեսությունում հետզհետե գերակշռություն է ստանում արհեստա-առևտրական ուղղությունը, տներն աստիճանաբար ձեռք են բերում նոր` շահութաբերության ֆունկցիա և վարձակալական սկզբունքով նրանց որոշ բաժիններ տրվում են որպես արհեստանոց, խանութ, բնակարան և այլն:
10. Շենքերի արտաքին գեղարվեստական արտահայտչականությունը հանդես է գալիս բազմազանության, պատի շարքերի կարանների ընդգծման, ստալակտիտ քանդակներով քիվերի, զարդաքանդակ երեսկալների, քարե ելուստավոր ջրհորդանների, պատշգամբների ու առմուտքերի փայտե ցանցկեն մանրամասների և համաչափ բացվածքներով դարպասների կիրառմամբ:
11. Ուսումնասիրելով բնակելի տների հատակագծային լուծումներն ու նրանց կոնստրուկտիվ առանձնահատկությունները, ճարտարապետական ձևերն ու դրանց անվանումները, պարզվում է, որ փոխադարձ սերտ կապ գոյություն ունի Գյումրիի և Արևմտյան Հայաստանի ժողովրդական ճարտարապետության մեջ: Դա բացատրվում է XIX դարի Արևմտյան Հայաստանից (Կարսից, Էրզրումից, Արտահանից) մեծաթիվ հայերի ներգաղթով և նրանց բնակեցումով Շիրակի սարահարթում և նման բնակլիմայական պայմաններ ունեցող հարևան Ախալքալակ և Ախալցխա բնակավայրերում, ուր նույնպես հանդիպում են վերը նշված տիպի ժողովրդական բնակելի տներ:
Այսպիսով. Գյումրիի բնակելի տների ժողովրդական ճարտարապետությունը, լինելով տաղանդավոր վարպետների կուտակած դարավոր փորձի արդյունք, արժանի է մեծ ուշադրության:»

Սարգիս Մաթևոսյան, «XVIII-XIX դդ. Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը» Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985թ., էջ 84-85

h