Ռաֆայել Իսրայելյան

ժողովրդական ճարտարապետ
ժողովրդական ճարտարապետ

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ժողովրդական ստեղծագործությունն ընդգրկում է մարդու ստեղծած կուլտուրայի գրեթե բոլոր ճյուղերը՝ ասեղնագործությունից ու բրուտագործությունից մինչև բանահյուսությունը, ճարտարապետությունը և այլ ճյուղեր։Ճարտարապետության համար լավ օրինակ կարող է ծառայել հատկապես Լենինական քաղաքը։ Այստեղ մենք հանդիպում ենք հազվագյուտ գեղեցիկ, իմաստալից և պարզ, ժողովրդական ստեղծագործությանը յուրահատուկ գործերի։ Կան կառուցվածքներ, որոնք հավասար աստիճանի վրա կարող են կանգնել հայկական դասական կոթողների հետ։ Այդ կառուցվածքների ճարտարապետական արվեստը մեծ կապ ունի միջնադարյան հայ կուլտուրայի հետ և ներկայացնում է նրա շարունակությունը նորագույն ժամանակներում, և հատկապես Անիի ճարտարապետության հետ, որը գտել է իր շարունակությունը Ալեքսանդրապոլ-Լենինականի հմուտ վարպետների գործերի մեջ։
Բանն այն է, որ այդ ճարտարապետության մեջ նոր ժամանակների, այսինքն XIX դարի վարպետները կուրորեն չեն ենթարկվել ու հետևել անցյալի ճարտարապետությանը, այլ շարունակել են՝ համապատասխան իրենց ժամանակի պահանջներին, զարգացրել, դարձրել հարազատ նոր դարին և միաժամանակ եղել են ճարտարապետական ավանդների շարունակողները։Ուշագրավ են Լենինականի ոչ միայն տներն իրենց բազմապիսի և հետաքրքրական ճարտարապետությամբ, այլև նրանց շրջապատը։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում այստեղ բնակելի տների բակերը։ Սրանց մեջ տեսնում ենք բարձր կուլտուրա, խոր և մանրամասն մշակում, ուր ամեն մի քառակուսի մետր տարածությունն օգտագործված է խելացի, սերտ կապված բնակելի տան հետ և դարձել նրա օրգանական մասը։ Բարեկարգ բակերը բաժանված են սալահատակված մայթերի ու ծաղկանոցների, տնտեսական մասի։ Հատուկ ուշադրություն է դարձված ջրավազանների և աղբյուրների վրա, որոնք քարաշեն են ու քանդակազարդ։Չի կարելի չխոսել բնակելի տների փայտե պատշգամբների մասին։ Ճարտարապետների մեջ կա նաև այն կարծիքը, թե Լենինականի ցուրտ կլիման թույլ չի տալիս այստեղ կառուցել պատշգամբներ, ուստի և դրանցից պետք է հրաժարվել։ Մեր ուսումնասիրության ընթացքում, հատկապես հին տների չափագրումների ժամանակ, մի ավելորդ անգամ ևս համոզվեցինք, որ այդ կարծիքը սխալ է։ Դրա ապացույցը հենց այն պատշգամբներն են, որ այնքան մեծ քանակությամբ կառուցված են քաղաքում։

Այժմ մի քանի դիտողություն։ Լենինականում քիչ չեն այնպիսի հին շենքեր, որոնք չնայած իրենց պատկառելի տարիքին (մինչև հարյուր և ավելի տարիներ), հակառակ մեծ աղետների, որոնց ենթարկվել է քաղաքը, հակառակ բնության արհավիրքների, հիանալի պահպանվել են և դեռ շատ երկար կպահպանվեն, եթե նրանց վրա դարձվի անհրաժեշտ ուշադրություն։
Կան շատ տներ, որտեղ ապրում են տասնյակ ընտանիքներ, այդ պատճառով բակերը դարձել են ընդհանուր։ Մատնված լինելով անուշադրության, դրանք հասել են վատ վիճակի, քայքայվել, կեղտոտվել են, դառնալով որոշ դեպքում հակասանիտարական վայրեր։ Բայց չէ՞ որ դրանք ժամանակին ունեցել են մայթեր, քարե ցանկապատ, ջրավազան, ծաղկանոց-այգի և այլն։ Քաղսովետը պետք է հաշվառման ենթարկի այդ կարգի բակերն ու կազմակերպի նրանց վերանորոգումը։ Պետք է կարգի բերվեն ջրամատակարարման գծերն ու կոյուղին։ Թեկուզ այն հանգամանքը, որ հաճախ երեխաների միակ խաղատեղը այս բակերն են, պետք է ստիպի քաղսովետին զբաղվել նրանց բարեկարգումով։
Հատուկ ուշադրության է արժանի Կարլ Մարքսի փողոցում գտնվող բնակելի տունը (№10), որի բակում կա իր գեղեցկությամբ հազվագյուտ մի աղբյուր։ Նախքան բակ մտնելը անցնում ենք երկու շենքերի միջով, որոնց պատերն ստեղծել են միջանցք։ Այդ շենքերի միանման զարդարանքներով մշակված պատերի շնորհիվ ստացվում է մի շատ հետաքրքրական, գեղեցիկ մուտք դեպի բակը, որը մի գողտրիկ բաց սրահ է։ Բակի խորքում, պատի տակ կառուցված է այդ աղբյուրը։ Բայց այս բարձրարվեստ կոթողի զգալի մասը թաղված է գետնի մեջ։ Հնում եղել են աստիճաններ, որ իջել են ցած դեպի ակունքը, ուր երկու պղնձե ծորակներից հոսել է ջուրը։ Մեզ թվում է, որ այս բակը պետք է բոլորին մատչելի դարձնել դիտելու համար, որպես հին Լենինականի մի տեսարժան վայր։ Դրա համար անհրաժեշտ կլինի նախ կարգի բերել աղբյուրը, բացել այն, լրացնել աստիճանները, միացնել քաղաքային ջրմուղին, որպեսզի նա վերականգնի իր վաղեմի գեղեցկությունը։
Հատուկ խնամքի է արժանի նաև քաղաքային հին բաղնիքը, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես հայկական ճարտարապետության մի նմուշ՝ կառուցված XIX դարում։ Այս կառուցվածքի մեջ հատկապես ցայտուն դրսևորվել են մեր ճարտարապետության կենսունակությունը, նրա իմաստալից կոնստրուկցիաները։ Այդ ավանդների հիման վրա է, որ Լենինականի վարպետները կառուցել են մի քանի համարձակ ճարտարապետական շենքեր, որոնք մինչև այսօր էլ չեն կորցրել իրենց հետաքրքրությունը։
Նույն խմբին են պատկանում մի շարք քարակոփ շենքեր և հատկապես դարպասներ, ինչպես, օրինակ, երկտակ կամարներով մուտքը Աբովյան փողոցում։ Այդ կամարները, չափի նուրբ զգացումով գտնված համաչափությունների և փարթամ ձևերի հետ, ունեն հարուստ, զարմանալի մեծ ճաշակով կատարված գեղեցիկ քանդակներ։ Այս կարգի մի շարք կառուցվածքներ ոչ միայն պետք է պահպանվեն, անհրաժեշտ դեպքում վերանորոգվեն, այլև հսկողության հանձնվեն պատմական հուշարձանների պահպանության կոմիտեին։
Մեծ արժանիքներ ունի Լենինականի ժողովրդական ճարտարապետությունը և դրանք պահանջում են խորն ու մանրամասն ուսումնասիրություն։ Նրա մեջ շատ են այն դրական կողմերը, որոնցից ժամանակակից ճարտարապետները կարող են օգտվել այսօրվա պահանջները բավարարելու, մեր այսօրվա շինարարական կուլտուրան ավելի լիարժեք և գեղեցիկ դարձնելու համար։

1954

Ռաֆայել Իսրայելյան. «Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ», Երևան, Արվեստի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, 1982 թ., էջ 57-59

t